Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ, որի արդյունքում որոշում է կայացվել նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել: Այս մասին ասված է Փաշինյանի Facebook-յան գրառման մեջ:

«Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:

Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները, ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից:

Տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում վճարելու հնարավորությունը, որը մինչ այս էլ կար, կպահպանվի:

Այս հնարավորությունից, ըստ էության, կօգտվեն շուրջ 25 հազար փոքր եւ միջին սուբյեկտներ:

Հատուկ նշեմ, որ վերը նշված կատեգորիայի, ուշադրություն դարձրեք՝ վերը նշված կատեգորիայի այն սուբյեկտները, ովքեր արդեն 160 հազար դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ եւ նրանց հետ վերահաշվարկ կիրականացվի:

Նշեմ նաեւ, որ ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհը առաջիկայում կհանվի, եւ քաղաքացիները պահանջվող պարամետրերի ՀԴՄ-ներ բացի համանուն ՊՈԱԿ-ից կարող են ձեռքբերել ցանկացած տեղից. պարամետրերի վերանայման հարցը նույնպես քննարկման փուլում է», — ասված է նրա գրառման մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով